Ամիրն ասաց.
- Նուրբ էիր, Սայաթ, պալատական քնքուշ ծաղիկ,
քեզ Թիֆլիսի գույներն առատ ներշնչանք էին` խաղ ու տաղիկ,
առանց պճնյալ իշխանների, վարպետների սուր լեզվանի,
առանց հուզված տիկինների, օրիորդների, վա՜խ, նազանի ,
երգդ սսկվեց լերկ Հախ - Պատի հոգի մաշող լռության մեջ...
Ստեփանո'ս, աղթու՞մ էիր աքսորիդ գորշ մենության մեջ:
Ամիրն ասաց.
- Մեծ էիր, Սայաթ, մեծամեծաց վարքերի մեջ,
մունջ համրացար փոքրավորաց եղծ նողկալի բարքերի մեջ:
Քեզ պես, Սայաթ, ես էլ , ահա, խռովել եմ արդ բոլորից,
վտարանդի դարձրեց կյանքն ինձ բանաստեղծման շնորհ օրից...
երնեկ, սակայն, Աստծուն փնտրեմ, երբ, ա՜խ, տաղ չէ էլ շուրթերիս.
եղերերգը, դու չգիտես, արյուն վե՛րք է մերկ շուրթերիս:
-Երանի քեզ,-Ամիրն ասաց.- Սայաթ, հասար քո մեջլիսին,
օրհաս ժամին քաջ սրազեն շտապ հասար քո Թիֆլիսին...
ես ու՞մ հասցնեմ, Վարպետ, ասա, հայրենիքում օր չեմ տեսել,
թող մեկը գա` կանգնի դեմս, ասի` կույր ես, լավ չես տեսել:
Ամիրն ասաց.
- Սայաթ, գիտե՞ս, բանքով անմար փառք ես գործել,
նույնիսկ վերջում բարձր եղար, որ նետերը լոկ քեզ խոցեն...
որքա՜ն ջահել կյանք փրկեցիր աշխարհարար սիրուց վառված.
միշտ մնալով Երգի - Արքա` քանի սիրտ կա սիրահարվա՛ծ:
19 04 2013, Ալավերդի
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ